Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Կինոաշունը»՝ սահմանամերձ ու հեռավոր գյուղերում

«Կինոաշունը»՝ սահմանամերձ ու հեռավոր գյուղերում
07.10.2015 | 12:10

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող ավանդական «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագիրը մեկնարկել է Լոռու մարզից՝ Ստեփանավանից, ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով: «Կինոաշունը» միաժամանակ անցկացվում է Երևանի համայնքներում և մարզերում, այդ թվում`սահմանամերձ ու հեռավոր գյուղերում (Բերդ, Այգեհովիտ, Կողբ, Կոթի, Խաչիկ, Երասխ, Ագարակ):

«Իրատեսը» Ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ հետաքրքրվեց` խնդիրներ չե՞ն ծագում տեխնիկական առումով: Մեր տեղեկություններով` կան կինոդահլիճներ, որ 90- ականներից այն կողմ չեն գործարկվել, տեխնիկապես վերազինված չեն, էլեկտրականություն չկա և այլն: Կինոկենտրոնի տնօրենն ինքն էլ անցյալ տարի լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց, որ ցանկությունը մեծ է, բայց շատ տեղերում հնարավորություն չկա կինոցուցադրություններ կազմակերպելու զուտ տեխնիկական առումով:
Ի պատասխան Գևորգ Գևորգյանն ասաց, որ մարզպետարանները, գյուղապետարանները նախապես տեղեկացնում են, որտեղ կարող են կինոդիտումներ իրականացնել. «Մենք հատկապես շեշտը դրել ենք սահմանապահ գյուղերի, զորամասերի վրա, որտեղ կա կինոսրահ, անպայման ցուցադրում ենք, որտեղ չկա, ինքներս ենք շարժական կինոթատրոն տանում: Պահանջարկը շատ մեծ է, ինչի համար ուրախ ենք (կան շրջաններ, որ պատրաստ են ամբողջ մի ամիս միանալ ծրագրին), բայց մենք չենք կարող ՀՀ բոլոր գյուղերում կինոդիտումներ կազմակերպել»:
Ինչպե՞ս է կատարվում ֆիլմերի ընտրությունը` հետաքրքրվեցի: «Քանի որ «Կինոաշունն» այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ծրագրում ընդգրկվում է ցեղասպանությանը նվիրված ֆիլմ, ինչպես նաև մեկական հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմեր,- ասաց Գևորգ Գևորգյանը:- Ցուցադրությունների ծրագիրը կազմում ենք մարզերի մշակույթի վարչությունների հետ համատեղ, հաշվի ենք առնում մարզերի կինոսիրողների պահանջարկը, միաժամանակ մեր նախաձեռնությամբ ներկայացնում ենք վերջին շրջանում նկարահանված ֆիլմերը` Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր», Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը» և այլն»:
Հավելենք, որ հայկական կինոյի մեկամսյակը կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ